ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վարչապետը հանդիպել է ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Վարչապետը հանդիպել է ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
18.10.2013 | 17:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է հոկտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին:

Վարչապետը, ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունների համատեքստում, անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրին և քաղաքականությանը, հայ ժողովրդի առանձնահատկություններից մեկին՝ սփյուռքին, նրա դերին, Հայկական աշխարհի տեսլականին:

«Այսօր առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվում աշխարհում և մեր ծրագրերը կառուցենք դրանց համապատասխան` հաշվի առնելով նաև գլոբալ գործընթացների ազդեցությունը մեր երկրի ու տարածաշրջանի վրա: Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհի զարգացման հիմնական ռեսուրսն ինտելեկտն է, այսինքն` մարդը: Եթե ցանկանում ենք ունենալ զարգացում, ապա առաջին հերթին պետք է հասարակության համար ստեղծենք ինքնադրսևորման հնարավորություններ: Դա նշանակում է, որ առաջնահերթ պետք է բարեփոխումներ իրականացնել կրթական ոլորտում, մարդկանց պատրաստել ապրելու արագ փոփոխվող աշխարհում»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումների արդյունքում ստեղծված իրավիճակին և դրան զուգահեռ Հայաստանի քայլերին: Վարչապետի խոսքով՝ մեր երկրի համար այսօր մեծ նշանակություն ունի անվտանգության ապահովումը, քանի որ, ի տարբերություն հարևան երկրների, տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում՝ սահմանների փակ լինելու պատճառով:

«Կարծում եմ` հասկանալի է, թե ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը և ինտեգրվել Եվրասիական տնտեսական տարածքին: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ և հիմնական ներդրողի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս:

Վերջին տարիներին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում ՄՄ-ի շրջանակներում, և եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչը մեզ համար անթույլատրելի շքեղություն է: Դրա համար էլ կայացվել է քաղաքական որոշում, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի ՄՄ-ի շրջանակներում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ այդ ընտրությունը դիտարկվում է նաև աշխարհաքաղաքական, մշակութային, ազգային անվտանգության համատեքստում, քանի որ Հայաստանը խորը և դարավոր արմատներ ունի Ռուսաստանի հետ:

Մեդիաֆորումի շրջանակներում Հայաստան են ժամանել մեծ հեղինակություն վայերող ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների 36 ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները կայցելեն Հայաստանի տարբեր քաղաքներ և Արցախ, կպատրաստեն հեղինակային հաղորդումներ մեր երկրի մասին:

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ